5 օգտակար խորհուրդ նոթբուք ունեցողների համար

Նոթբուք ունեցողները կարող են փաստել, որ իրենց սիրելի դյուրակիր համակարգիչն ուղեկցում է իրենց գրեթե ամենուր՝ ուսումնական հաստատություններում, աշխատավայրում, և նույնիսկ հանգստի գնալիս… Այս ամենը նշանակում է, որ նոթբուքը կարող է հայտնվել ամենատարբեր վայրերում ու ամենատարբեր իրավիճակներում: Ուստի գոյություն ունեն որոշակի պարտադիր պահանջներ, որոնց պետք է հետևել, եթե սարքը շահագործվում է որոշակի ոչ ստանդարտ կամ անբարենպաստ պայմաններում: 

1. Անվտանգ տեղափոխում

Քանի որ նոութբուքը հաճախ ենք մեզ հետ վերցնում դպրոց, աշխատանքի, արձակուրդի կամ գործուղման գնալիս, պետք է հոգ տանել անվտանգ փոխադրման մասին: Այդ նպատակով խորհուրդ է տրվում ձեռք բերել նոթբուքի համար նախատեսված պայուսակ, որն իր կառուցվածքի շնորհիվ կպաշտպանի դյուրակիր համակարգիչը քերծվածքներից, հարվածներից և ընկնելուց։ Պայուսակ գնելիս անպայման նոթբուքը վերցրեք ձեզ հետ, որպեսզի տեղում փորձարկեք: Հակառակ պարագայում պայուսակը կարող է չափազանց նեղ և կամ շատ ընդարձակ լինել, արդյունքում նոութբուքը ապահով կերպով ֆիքսված և պաշտպանված չի լինի:  

2. Պաշտպանություն գերտաքացումից

Երկար ժամանակ աշխատելու արդյունքում միշտ առկա է գերտաքացման հավանականությունը, իսկ որպեսզի նոութբուքը շահագործման ընթացքում չտաքանա, անհրաժեշտ է ապահովել օդի ազատ մուտքը դեպի օդափոխման անցքեր: Եթե ​​վերջիններս խցանված-փակված են, կառաջանա էլեկտրոնային միջուկի գերտաքացում, ինչը կազդի աշխատանքի արագության վրա և անգամ կարող է հանգեցնել «մահվան կապույտ էկրանի»: 

Խորհուրդ չի տրվում միացված նոութբուքը դնել մահճակալին կամ ծնկներին. գործվածքը, հպվելով նոթբուքի հատակին, փակում է օդափոխման անցքերը: Բացի դրանից, կտորի մազիկները կարող են կուտակվել նոութբուքի ներսում, խցանել ջերմափոխարկիչը, փաթաթվել օդափոխիչի թևիկներին: Արդյունքում նկատելիորեն նվազում է հովացման համակարգի աշխատանքի արդյունավետությունը։ Շատերը նոթբուքը պայուսակի կամ ուսապարկի մեջ են դնում քնի ռեժիմում, բայց նույնիսկ այդ կարգավիճակում էլեկտրոնային բաղադրիչները շարունակում են ջերմություն արձակել: Սա ևս կարող է գերտաքացման հանգեցնել` պայուսակի սահմանափակ տարածքի պատճառով: 

նոթբուքը տաքանում է

3. Պաշտանություն եղանակային պայմաններից

Պետք չէ միացնել նոթբուքը ցուրտ եղանակին դրսում, զբոսանքից անմիջապես հետո: Շրջակա միջավայրի ջերմաստիճանի կտրուկ բարձրանալու պատճառով համակարգչի սառը մասերի վրա առաջանում է կոնդենսատ՝ խոնավություն, և նոթբուքը միացնելու դեպքում այդ նույն կոնդենսատը կարող է կարճ միացում առաջացնել էլեկտրոնային սալիկների միջև:

4. Պաշտպանություն խոնավությունից

Նոթբուքի վրա թափված ջուրը ևս կարող է կարճ միացման հանգեցնել և շարքից հանել այն: Պետք է նշել, որ այսպիսի վնասվածքի հավանականությունը մեծ է՝ հաշվի առնելով, որ մեզնից շատերն են սիրում նոթբուքով աշխատանքը համատեղել  ուտելիքի կամ տարբեր հյութեր խմելու հետ։  

5. Ճիշտ խնամք և մաքրություն

Դյուրակիր համակարգչի կմախքը և էկրանը բավականին արագ են կեղտոտվում` պայմանավորված օգտագործման պայմաններով: Անընդունելի է մաքրել էկրանը և պատյանը ինչով պատահի, նախընտրելի է օգտագործել հատուկ` թաց և չոր, առանց մազիկների անձեռոցիկներ: Այսպիսով ձեր սարքը պաշտպանված կլինի նկատելի քերծվածքներից և մաշվածությունից: 

ինչպես մաքրել նոթբուքը

Նոթբուքերի օգտագործման այս պարզ կանոններին հետևելը կարող է երկարացնել դյուրակիր համակարգչի կյանքը: Մի՛ մոռացեք նաև նոթբուքը պարբերաբար, գոնե տարեկան մեկ անգամ պրոֆիլակտիկայի տանել մասնագետների մոտ, քանի դեռ ամեն ինչ սարքին է և լուրջ վերանորոգման կարիք չկա:

Facebook
Pinterest
Twitter
LinkedIn