Անշուշտ բոլորս ենք հանդիպել համակարգչի դանդաղագործության խնդրին։ Ինչքան էլ արագ է աշխատում համակարգիչը ձեռքբերման պահին, որոշ ժամանակ անց այնուամենայնիվ սկսում է աշխատել ավելի դանդաղ, հաճախ «մտածում» է և երբեմն կանգնում։ Այսպիսի վարքագծի պատճառները կարող են տարբեր լինել։ Փորձենք հասկանալ ամենահաճախ հանդիպող պատճառները և շտկել իրավիճակը։
Ջնջել ավելորդ ծրագրերը
Հաճախ մենք զանազան նոր ծրագրեր ենք տեղադրում համակարգչում և մոռանում ջնջել դրանք, եթե նույնիսկ չենք օգտագործում։ Որոշ ծրագրեր ինքնաբերաբար հայտնվում են համակարգչի ինքնաբեռնվող ծրագրերի ցանկում, և համակարգչի յուրաքանչյուր միացման ժամանակ ավտոմատ կերպով գործարկվում են։ Մեծ քանակությամբ աշխատող ծրագրերը նույնպես շատ տեղ են զբաղեցնում օպերատիվ հիշողության մեջ և ավելորդ ծանրաբեռնում պրոցեսորը։ Արդյունքում համակարգչի արդյունավետությունը նկատելիորեն վատանում է։ Ուստի խորհուրդ է տրվում համակարգչի աշխատանքի դանդաղումը նկատելուն պես հեռացնել ավելորդ ծրագրերը ինքնաբեռնման ցուցակից և ուշադիր լինել նոր ծրագրեր ավելացնելիս։
Ազատվել վիրուսներից
Համակարգչի արդյունավետության վատացումը և աշխատանքում սխալները կարող են պայմանավորված լինել նաև վիրուսների ներթափանցմամբ։ Ուստի պարտադիր կարգով տեղադրեք հակավիրուսային ծրագիր, որպեսզի պաշտպանվեք վիրուսներից։ Անհրաժեշտ չէ գնել վճարովի ծրագրեր. այսօր կարելի է գտնել շատ տարբեր անվճար հակավիրուսներ, որոնք չնայած իրենց հնարավորություններով զիջում են վճարովին, բայց մեծամասնության դեպքում հիանալի կատարում են իրենց խնդիրները։
Խնամել և մաքրել
Ինչպես ցանկացած այլ էլեկտրոնիկա, համակարգիչը նույնպես կարիք ունի կանոնավոր և որակյալ խնամքի։ Օրինակ՝ համակարգչի ներսում մշտապես կուտակվում է փոշի, որը նստում է տարբեր դետալների վրա։ Լավագույն դեպքում դա կվատացնի համակարգչի աշխատանքի արդյունավետությունը, իսկ վատագույն դեպքում կարող է հանգեցնել որոշ բաղադրիչների խափանման, և ստիպված կլինեք գնել նոր դետալներ կամ համակարգիչ։ Համակարգչի ներսում կուտակված փոշին կարելի է հեռացնել սովորական վրձնով, բայց ավելի հարմար է օգտագործել նաև փոշեկուլ։
Այսպիսով, համակարգչի դանդաղ աշխատանքը կարելի է շտկել ճիշտ խնամքի, անպետք ծրագրերի հեռացման, ռեեստրի մաքրման և հակավիրուսային ծրագրերի միջոցով։ Եթե դուք հմուտ եք նման հարցերում, կարող եք այս ամենն անել ինքնուրույն, իսկ եթե վստահ չեք ձեր ուժերին և ուզում եք արդյունավետ լուծում, ապա մի՛ մոռացեք գոնե տարին մեկ անգամ համակարգչի պրոֆիլակտիկա անցկացնել սպասարկման կենտրոնում: